Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ
Թիվ 1 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Թիվ 2 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Թիվ 3 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Թիվ 4 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ (62 տարին լրանալու դեպքում) տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`
- կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.
- թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մինչև 2003թ. օգոստոս 1-ը ներառյալ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:
Օրինակ.
55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով:
Նրա աշխատանքային գործունեությունը բաղկացած է հետևյալ ժամանակահատվածներից.
1966-1968թթ.` ժամկետային զինծառայող,
1968-1972թթ.` մանկավարժական ինստիտուտի ուսանող,
1972-1975թթ.` թանգարանում էքսկուրսավար,
1975-1978թթ.` ուսումնարանում վարպետ,
1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ:
Նրան մասնակի կենսաթոշակ կնշանակվի 1972-1975թթ. և 1978-2003թթ. աշխատանքային ստաժի (28 տարի) համար:
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`
- թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.
- օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք.
- ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.
|
Տարիքային խումբը |
Աշխատանքային ստաժը`օրացուցային տարիներով |
|
մինչև 23 |
2 տարի |
|
23-ից մինչև 26 |
3 տարի |
|
26-ից մինչև 29 |
4 տարի |
|
29-ից մինչև 32 |
5 տարի |
|
32-ից մինչև 35 |
6 տարի |
|
35-ից մինչև 38 |
7 տարի |
|
38-ից մինչև 41 |
8 տարի |
|
41-ից մինչև 44 |
9 տարի |
|
44-ից բարձր |
10 տարի |
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային.
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.
Ուսումնական (այդ թվում` ռազմական ուսումնական) հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 26 տարին լրանալը:
Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` վերը նշված անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից և ծառայության տևողությունից: Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաև.
1) զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի ընտանիքի անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:
Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:
Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Այսպես. տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը,
2) անձը հաստատող փաստաթուղթը,
3) հանրային ծառայությունների համարանիշը,
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների և ամիuների,
6) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձևը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
1. անձը չունի կենսաթոշակի իրավունք,
2. կենսաթոշակի իրավունք ունեցող անձը,ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
3. ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ։
Կենսաթոշակ նշանակվում է`
1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.
2) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
3) կերակրողի մահվան օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ օրվանից հետո` վեց ամսվա ընքացքում.
5) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում։
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
նշանակել կենսաթոշակ,
նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը:
Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`
1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.
2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.
3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.
բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.
գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:
Օրինակ` 2023թ. սեպտեմբերի 1-ից`
1) 15 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի` 21000+ (10×950դրամ+(15-10) x 500դրամ) x 1,05 (գործակից) = 33600 դրամ:
2) 40 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 21000+ (10×950դրամ+(40-10) x 500դրամ) x 1,3 (գործակից) = 52850 դրամ:
Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:
Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող:
Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշվարկված հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակման համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում է համապատասխանաբար՝
1-ին խմբի համար՝ 8400 դրամ (21000×40%),
2-րդ խմբի համար` 4200 դրամով ( 21000×20%):
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:
Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:
1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`
1) փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Աշխատող կենսաթոշակատռուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե՝ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:
Աշխատանքային ստաժում հաշվարկվում են ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածները:
Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:
Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչև 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
Աշխատանքային գրքույկի կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ այն չլինելու դեպքում` դատական կարգով:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի:
Սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև ծնողներից մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:
Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ։
Եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեuված աշխատանքից ժամանակավորապեu այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչև հարմար աշխատանքով ապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները մինչև երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային uտաժում:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում` առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:
Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը։
Օրենսդրությամբ սահմանված աշխատանքային ստաժի առկառության դեպքում՝ աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` հինգ տարուց ոչ ավելի։ Այդ ժամանակահատվածը հաստատվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տված տեղեկանքով:
Աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաև «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգևատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:
Մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ:
1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝
աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ և
սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը:
2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:
Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա։
Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ կազմակերպություններում (մանկատանը) ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը:
Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, յուրաքանչյուր ամիս հաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ:
Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:
Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող, խնամակալական կազմակերպությունում ապրողներին նպաստ չի վճարվում:
Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:
Կենսաթոշակը կանխիկ եղանակով նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:
Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:
Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:
Կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում:
Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է`
1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում.
2) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.
3) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում.
4) եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուն տասներկու ամիս անընդմեջ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից (կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարվելու դեպքում).
5) սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից չհաստատվելու) դեպքում:
Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը:
Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:
Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակառուի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակը վճարում է նախկին բնակության վայրից նրա կենսաթոշակի գործն ստանալուց հետո: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:
Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:
Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվողթաղման նպաստի չափը սահմանվել է 200000 դրամ:
Այո, վճարվում է։ Հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման չներկայանալու և մահանալու դեպքում կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման ներկայանալու կամ վերագնահատման համար դիմելու, սակայն մինչև իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշում կայացվելը մահանալու դեպքում այդ անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
Ֆունկցիոնալության առաջնակի գնահատմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող, բայց հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մահացել է իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.
2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:
Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվող ամսական գումարից:
Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը: Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:
Եթե ստաժը հաստատող փաստաթղթում անձի անունը կամ հայրանունը, կամ ազգանունը չի համընկնում նրա անձը հաստատող փաստաթղթում գրառված անվանը կամ հայրանվանը, կամ ազգանվանը, ապա այդ փաստաթուղթը տվյալ անձին պատկանելու փաստը հաստատվում է ամուսնության վկայականով կամ անունը կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին վկայականով, կամ նոտարական ակտով, կամ դատական կարգով:
Եթե քաղաքացու անձնագրում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամuվա և oրվա, ապա ծննդյան ամիu և oր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով: