Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային վարձավճարի մասնակի երկարաժամկետ հատուցում

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում նախատեսվում է կացարանով ապահովման համար տրամադրել վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում։

Միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը կտրամադրվի Ղարաբաղից տեղահանված այն ընտանիքներին, որոնք՝

  • Օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում,
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում չեն ստացել բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի հավաստագիր, անհատական բնակելի տան ձեռքբերման կամ կառուցման հավաստագիր, կամ այն չեղարկվել է,
  •  Ընտանիքը բաղկացած է 1–3 անդամներից։

Սոցիալական աջակցությունից կարող են օգտվել այն ընտանիքները, ովքեր բավարարում են հետևյալ չափորոշիչներից առնվազն մեկին՝

  • ընտանիքը բաղկացած է միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 և ավելի տարեկան անդամներից,
  • ընտանիքը բաղկացած է 2 անդամից, որոնց տարիքների հանրագումարը կազմում է 115 և ավելի,
  • ընտանիքը բաղկացած է 3 անդամից, որոնց տարիքների հանրագումարը կազմում է 175 և ավելի։ Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ սահմանելով աջակցության ամսական չափը 40,000 դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Սոցիալական աջակցության միջոցառման շահառուներ կհանդիսանան այն ընտանիքները, որոնք բավարարում են բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին, սակայն տվյալ ծրագրի շրջանակում ընտրել են կացարանի խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ՝ վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման միջոցով։

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության ծրագիրը կմեկնարկի 2026թ հուլիսի 1-ից։