Ընտանիքում բռնություն Է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:
Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցեր
Ընտանիքում բռնության տեսակներն են՝ ֆիզիկական բռնություն, սեռական բռնություն, հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, անտեսում։
- ֆիզիկական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը
- սեռական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները
- հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը
- տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը
- անտեսում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն), իսկ չափահաս աշխատունակ զավակների կողմից իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում) դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կամ չափահաս աշխատունակ զավակները տիրապետում են պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների, և եթե համապատասխան ծառայությունները նրանց համար հասանելի են:
Ընտանիքում բռնության ենթարկված անձը պաշտպանության նպատակով կարող է դիմել՝ ՀՀ ոստիկանություն (թեժ գիծ՝ 102), աջակցության նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարություն (թեժ գիծ՝ 114), ինչպես նաև աջակցության կենտրոնների ծառայություններ տրամադրող կազմակերպություններ՝ ըստ մարզերի
Ընտանիքում բռնության ենթարկված անձին տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ծառայությունները՝
- Աջակցության կենտրոննների ծառայություններ
- Ապաստարանի ծառայություններ
- Միանվագ դրամական աջակցության տրամադրում
Աջակցության կենտրոնների կողմից ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունները կարող են ներառել՝
- աջակցության կենտրոն դիմած անձին իր իրավունքների, հասանելի ծառայությունների և այլ օրենքով սահմանված պաշտպանության միջոցներից օգտվելու կարգի մասին տեղեկացում
- Թեժ գիծ ծառայության միջոցով խորհրդատվության տրամադրում
- Սոցիալ-հոգեբանական աջակցություն
- իրավաբանական օգնություն
- ընտանիքում բռնության ենթարկված անձին աշխատանքի տեղավորման, պետությունից կամ համապատասխան կազմակերպություններից սոցիալական աջակցություն ստանալու հարցերում օժանդակում
- ընտանիքում բռնության ենթարկված անձի համաձայնությամբ՝ վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատակով միջնորդության ներկայացում ոստիկանության համապատասխան ստորաբաժանում
- այլ անհրաժեշտ ծառայություններ
Աջակցության կենտրոնների ծառայություններ տրամադրող կազմակերպություններ են գործում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում, անհրաժեշտ ծառայություններ ստանալու համար ընտանիքում բռնության ենթարկված անձը կարող է դիմել աջակցության կենտրոններին զանգահարելով թեժ գիծ հեռախոսահամարներով (աջակցության կենտրոններ)
Ապաստարանի կողմից ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունը կարող են ներառել՝
- շահառուներին անհատույց, ապահով բնակելի տարածքի տրամադրում մինչև 12 ամիս ժամկետով
- սննդի, հագուստի, երեխաներին նաև՝ դասապատրաստման համար անհրաժեշտ պիտույքների տրամադրում
- սոցիալ-հոգեբանական աջակցություն
- իրավաբանական օգնություն
- բժշկական օգնություն
- այլ անհրաժեշտ ծառայություններ
Ապաստարանի ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել՝ 099 88 78 08 թեժ գիծ հեռախոսահամարով։
Ընտանիքում բռնության ենթարկված անձը միանվագ դրամական աջակցություն ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում՝
- Գրավոր դիմում, որում նշվում են դիմողի անունը, ազգանունը, հայրանունը (բնակության վայրը, հեռախոսահամարը, էլ փոստի հասցեն (առկայության դեպքում)
- դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
- ընտանիքում բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ
- դիմողի բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է տրամադրվող գումարը
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշման N 2 հավելվածի հարցաթերթով ներկայացված հարցերի պատասխանները (https://www.arlis.am/documentview.aspx?docid=129650):
Վերոնշյալ գործընթացի համակարգման նպատակով ընտանիքում բռնության ենթարկված անձը կարող է դիմել մարզերում և Երևան քաղաքում գործող աջակցության կենտրոններին՝ զանգահարելով թեժ գիծ հեռախոսահամարներով։
Ընտանիքում բռնության ենթարկված անձին միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է 50-150 հազ․դրամի չափով, հետևյալ նպատակներով՝
- կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար
- բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով
- ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության նպատակով
- աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար։
Թրաֆիքինգի և շահագործման զոհ հանդիսանալու հավանականություն առկա է, եթե հայտնվել եք հետևյալ իրավիճակներում
- Վերցրել են Ձեր անձնագիրը
- Վերահսկում են Ձեր բոլոր քայլերը
- Բռնությամբ կամ դրա սպառնալիքով ստիպում են կատարել նվաստացնող կամ բարոյազրկող աշխատանք
- Ինքնակամ փոխել են աշխատանքի բնույթը կամ վարձատրության չափը
- Թուլ չեն տալիս թողնել աշխատանքը և հեռանալ գործատուից
- Չեն վճարում պլանավորված աշխատավարձը
- Գործատուն անհիմն ավելացնում է նախնական պարտքի չափը
- Թույլ չեն տալիս կապ պահպանել հարազատների հետ և հայտնել իրավիճակի մասին
Թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհը պաշտպանության նպատակով կարող է դիմել ՀՀ ոստիկանություն (թեժ գիծ՝ 102), աջակցության նպատակով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (թեժ գիծ՝ 114)։
Թրաֆիքինգի և շահագործման զոհերին տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ծառայությունները՝
- Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ
- Միանվագ դրամական աջակցության տրամադրում
Թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցությունը կարող է ներառել՝
- կացարանի տրամադրում.
- բնաիրային օգնություն.
- անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում.
- բժշկական օգնություն և սպասարկում.
- հոգեբանական օգնություն.
- խորհրդատվական օգնություն.
- իրավաբանական օգնություն.
- խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում.
- թարգմանչական ծառայությունների մատուցում.
- օրենքով սահմանված պարտադիր կրթության ապահովում.
- միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում.
- աշխատանքի ապահովում.
- անվտանգ վերադարձի կազմակերպում.
- միանվագ դրամական փոխհատուցում:
Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել՝ 0-800-50-558 թեժ գիծ հեռախոսահամարով։
Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձին միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է 250 հազ․ դրամի չափով, թրաֆիքինգի և շահագործման ընթացքում կրած վնասների մասնակի փոխհատուցման նպատակով։ Դրամական աջակցության տրամադրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ զանգահարելով՝ 0-800-50-558 թեժ գիծ հեռախոսահամարով։