Աշխատանք փնտրող է համարվում 16 տարին լրացած այն անձը, որը, անկախ զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, օրենքով սահմանված իր իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Զբաղվածության օրենսդրական կարգավորումներ
Աշխատանք փնտրող անձի հաշվառումը և հաշվառումից հանելն իրականացվում է նրա փաստացի բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի կողմից։ Հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
- կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում,
- աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
- զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում,
- գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):
Հաշմանդամություն ունեցող՝ աշխատանք փնտրող անձի հաշվառման համար, նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոնը հաշվի է առնում նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձին տրված վերականգնողական անհատական ծրագիրը:
Գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրող և զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով չզբաղված անձը, որն աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ։
Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տալիս է գործազուրկի կարգավիճակ՝ որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են.
- գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` ՀՀ օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի),
- քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը,
- անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը,
- արտոնագրային վճար վճարողի գործունեությունը,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը,
- ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:
- Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:
- Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որին հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, տեղավորել առաջին կետով նախատեսված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամասնագիտացման շնորհիվ ձեռք բերված մասնագիտությանը: Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն կետով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:
- Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող՝ աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մինչև վեց ամիս ժամկետով` Միասնական սոցիալական ծառայության կողմից կազմակերպվող մասնագիտական կամ վարպետային ուսուցում: Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն կետով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:
- Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանված են ՀՀ կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 2 հավելվածով` հաշվի առնելով վերը նշված կետերով սահմանված պահանջները, ինչպես նաև աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:
Գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, եթե՝
- անձն ունի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ,
- անձի ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ,
- անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,
- անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,
- անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում,
- անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում,
- անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում,
- անձը թրաֆիքինգի զոհ է,
- անձը փախստական է,
- անձը բնակվում է կամ սահմանամերձ կամ լեռնային կամ բարձրլեռնային վայրերում,
- անձն առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված,
- անձը չունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,
- անձն ունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան,
- անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային,
- անձն ունի դատվածություն, այդ թվում` պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում,
- անձը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է,
- նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում ուղղորդված անձ է,
- անձը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) է,
- անձը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող է:
Տարածքային կենտրոնի կողմից դադարեցվում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե.
- գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերում ընդգրկվելու արդյունքում՝ անձի գործազուրկի կարգավիճակը կասեցվելու դեպքի,
- լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը,
- գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ,
- գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ,
- գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից,
- գործազուրկը անհարգելի պատճառով տարածքային կենտրոնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` տարածքային կենտրոն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է ՀՀ կառավարությունը,
- գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից,
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների,
- գործազուրկը մահացել է: