Ժամանակավոր աջակցություն՝ ընտանեկան եվ կենցաղային բռնության ենթարկվածներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրում է մինչև 150 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը կարգավորվում է «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 29 մարտի 2019 թվականի N 333-Ն որոշմամբ։ 

Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին ենթարկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է հետևյալ նպատակներով՝

  • կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար,
  • բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով  փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման համար,
  • ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար,
  • աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար՝ բացառությամբ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործազուրկների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար սահմանված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում նախատեսված դասընթացների:

Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող է դիմել աջակցող կենտրոն կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ 

Անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որում պետք է նշվեն՝

  • դիմողի անունը, հայրանունը և ազգանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
  • դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը,
  • դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • ընտանիքում բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ՝ ներկայացնելով նաև համապատասխան փաստաթղթերը,
  • դիմողի բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է տրամադրվող գումարը,
  • օրենքով սահմանված հատուկ կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը (դրա առկայության դեպքում,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշման N 2 հավելվածի հարցաթերթով ներկայացված հարցերի պատասխանները։