Հաշմանդամությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության հետևանքով առաջացող երևույթ է (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր
Հաշմանդամություն ունեցող է համարվում այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում։
- 2023 թվականի փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար դիմած անձինք անցնելու են ֆունկցիոնալության գնահատում ․
- 2024 թվականի հունվարի 1-ից՝ ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև կրկնակի հաշմանդամության գնահատման համար դիմած անձինք․
- 2023 թվականին հաշմանդամության սահմանման համար կրկնակի դիմած անձինք անցնելու են բժշկասոցիալական փորձաքննություն մինչև 2024թ․ հունվարի 1-ը։
Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը (երեխան) ճանաչվում է հաշմանդամություն ունեցող կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: Ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող:
Անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով «e-disability» էլեկտրոնային համակարգից ձևավորվում է գնահատող հանձնաժողով։ Գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ընտրվում են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից։
Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ (բժիշկներ) և հարբժշկական ծառայություն մատուցող մասնագետներ (հոգեբաններ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ և այլն)։
Համաձայն կառավարության 2022 թ․ հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման, հաշմանդամության գնահատման (անձի ֆունկցիոնալության գնահատման) համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը ֆունկցիոնալության գնահատման ուղեգրվելու համար դիմում է իրեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը։
Հիվանդության կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ սույն կարգի 9-րդ գլխով սահմանված` անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է ֆունկցիոնալության գնահատման:
Ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից ձևավորվում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում։
Որից հետո՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմումը առցանց, փոստով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն ներկայացվում է Միասնական սոցիալական ծառայություն կամ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Դիմումին ընթացք է տրվում կառավարության 2022թ․ հուլիսի 28-ի N 1180-Ն և 2022թ․ հուլիսի 28-ի N 1177-Ն որոշումների համաձայն։
Ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից ձևավորվում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում, որն ինքնաշխատ հասանելի է ֆունկցիոնալության գնահատման «e-disability» էլեկտրոնային համակարգում։ Այն գնահատվող անձի կողմից թղթային եղանակով չի ներկայացվում։
ԾԱԾ-ն անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում մշակված փաստաթուղթ է, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը /ՀՀ կառավարության 2022թ․ հուլիսի 28-ի N 1161-Ն որոշման հավելվածի 2-րդ կետ/։
Անձի Ֆունկցիոնալության գնահատման որոշումը և ծառայությունների անհատական ծրագիրը հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվում են որոշման կայացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
- Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ գնահատման արդյունքներով նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:
- Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 5-24% միջակայքում է, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ:
- Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 25-49% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր, և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
- Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 50-74% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ կարիքի երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
- Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 75-100% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման՝ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է 2024 թվականի հունվարի 1-ից:
Աջակցող միջոցը ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա է, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: Աջակցող միջոցը նախատեսված է անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման), անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: «Աջակցող միջոց» եզրույթը չի ներառում բժշկական սարքավորումները, որոնք բժշկական միջամտությամբ փոխպատվաստված են կամ փոխարինողն են որևէ սարքի։ /«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշում։/
Աջակցող միջոցները տրամադրվում են՝
- hաշմանդամություն ունեցող անձանց,
- երեխաներին՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից
- ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամներին,
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց,
- Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների (այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ) ընտանիքի անդամներին,
- ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին,
- վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց` ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա:
Աջակցող միջոցները (բացառությամբ պրոթեզի կոշիկի, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների) տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա՝ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամկետներում։
Շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների օրինական ներկայացուցիչները` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց (էլեկտրոնային) եղանակով՝ էլեկտրոնային ստորագրությամբ դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն կամ դրա տարածքային կենտրոն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը։
Հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում, եթե անձը չի կարող անձամբ ներկայանալ ՄՍԾ տարածքային կենտրոն և հեռախոսազանգի միջոցով դիմել է ՄՍԾ՝ տնային կամ հիվանդանոցային պայմաններում հավաստագիր ստանալու համար դիմում ընդունելու նպատակով, ապա դիմումը կամ հեռախոսազանգն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է այցելություն շահառուի գտնվելու վայր՝ համապատասխան դիմումի լրացման գործընթացը կազմակերպելու համար (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 38-րդ կետ):
ՄՍԾ-ն, ստանալով հավաստագիր տրամադրելու համար դիմումը և կից փաստաթղթերը, տասն աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում է հավաստագիրը։ Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը, ինչպես նաև կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող է ձեռք բերել աջակցող միջոցը՝ հասցեներով և կոնտակտային տվյալներով։
Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ՄՍԾ-ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում: (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 40-րդ և 41-րդ կետեր):
Հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 180 օրացուցային օր: Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում, նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում՝ օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում։
Աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթերը։ Դիմումն անձի ներկայացուցչի կողմից տրվելիս՝ ներկայացվում են նաև`
- ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերը.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը
- անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:
Կազմակերպությունից շահառուն ստանում է իրեն տրամադրված հավաստագրի գնին համարժեք աջակցող միջոցներ: Եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը: (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 48.4-րդ կետ):