Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Հայաստանի տնտեսական զարկերակը» զեկույցի շնորհանդեսին
հուլիսի 28, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Գյումրիում մասնակցել է Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի տնտեսական զարկերակը» զեկույցի շնորհանդեսին։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) կայացած միջոցառմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի խմբի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն, ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ։
Շնորհանդեսի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական աճի, աղքատության նվազման, հարկաբյուջետային քաղաքականության և տնտեսական զարգացման վերջին միտումները։ Նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ ընդգծելով խոցելի խմբերի տնտեսական ակտիվության, մասնագիտական հմտությունների զարգացման և կայուն զբաղվածության ապահովման կարևորությունը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում, որի ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն անդրադարձել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը՝ ներկայացնելով հիմնական սկզբունքներն ու ակնկալվող արդյունքները։ Քննարկման ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին։