Հայաստանի Հանրապետության  զինանշան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Նորություններ

Լրամշակվել է ընտանիքի անապահովության գնահատման կարգը

հունիսի 11, 2026

Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգի փորձնական կիրառման արդյունքում լրամշակվել է ընտանիքի անապահովության գնահատման կարգը, որը 2026 թ․ հուլիսի 1-ից ներդրվում է հանրապետության ամբողջ տարածքում․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։

Անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կտա՝ նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը, խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։

Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց զբաղվածության ապահովումը, այսինքն՝ եթե ընտանիքը դիմի նպաստ ստանալու համար, դա միաժամանակ դիտարկվելու է որպես ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անձի աշխատանք փնտրելու հայտ, իսկ աշխատանքի ընդունվելու արդյունքում ստացված եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի և չեն ազդի նպաստ ստանալու իրավունքի վրա։

Նոր համակարգով ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է 4 շեմերի միջոցով, որոնք սահմանվում են` հիմք ընդունելով պարենային զամբյուղի արժեքը՝

  • ծայրահեղ անապահով,
  •  չափավոր անապահով,
  • միջին անապահով, անապահով:

Անապահովության աստիճանով պայմանավորված՝ ընտանիքին հասանելիք սոցիալական ծառայությունների փաթեթը (անապահովության նպաստ, եռամսյա հրատապ օգնություն, կրթական, կոմունալ ծառայությունների և առողջապահական ոլորտի արտոնություններ և այլն) կլինի տարբեր։