Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
հուլիսի 08, 2026
Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է, որ ԱՍՀ նախարարությունը շարունակաբար իրականացնում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ՝ կարևորելով ծառայությունների հասանելիության, թափանցիկության և կառավարման գործընթացների կատարելագործումը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ թվային լուծումների ներդրումը կնպաստի ինչպես ծառայությունների կազմակերպման, այնպես էլ շահառուների համար գործընթացների պարզեցմանն ու առավել արդյունավետ կառավարմանը։
Նիստի ընթացքում ԱՍՀ նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը ներկայացրել է մանրամասներ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի ծառայությունների թվայնացման շրջանակում մշակված «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական ենթահամակարգի» վերաբերյալ։ Ներկայացվել են ենթահամակարգի հիմնական գործառույթները, ներդրման փուլերը, ինչպես նաև դրա կիրառման արդյունքում ակնկալվող բարելավումները՝ խնամքի ծառայությունների կազմակերպման և կառավարման գործընթացներում։
Նիստի ավարտին մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են ներկայացված հարցերը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ՝ ընդգծելով խնամքի ծառայությունների շարունակական բարելավման և ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը։