Նախարար Արսեն Թորոսյանը Դոհայում մասնակցել է «Աղքատության հաղթահարման համար բնության վրա հիմնված լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում. քննարկում COP17-ին ընդառաջ» թեմայով քննարկմանը
նոյեմբերի 05, 2025
Դոհայում անցկացվող Սոցիալական զարգացման 2-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել են ՀՀ նախաձեռնությամբ կազմակերպված «Աղքատության հաղթահարման համար բնության վրա հիմնված լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում. քննարկում COP17-ին ընդառաջ» թեմայով քննարկմանը:
Ելույթի ընթացքում Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի հաջորդ հյուրընկալող երկիր, առանձնահատուկ կարևորություն է տալիս բնապահպանական լուծումների կիրառմանը, որոնք կարող են հանդիսանալ որպես կամուրջ շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական ներառման միջև։
Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանն առնչվող մոտեցումները տարեցտարի ավելի լայն տեղ են գտնում պետական քաղաքականության և զարգացման ծրագրերում։ Այս համատեքստում նախարարը հատկապես առանձնացրել է ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված պետական քաղաքականությունը և մանրամասնել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Արսեն Թորոսյանը խոսել է նաև Գենդերային քաղաքականության 2025-2028թթ. ռազմավարության շրջանակում կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների մշակման կարևորության մասին։