Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Ժնևում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների կանանց հիմնահարցերով զբաղվող գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

հոկտեմբերի 23, 2024

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և պատվիրակության անդամ, ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը հանդիպումներ են ունեցել մի շարք երկրների կանանց հիմնահարցերի և գենդերային հավասարության ապահովման ուղղություններով գործունեություն իրականացնող գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ՄԱԿ-ի  համակարգման և ծրագրի արդյունքների, նորմատիվ աջակցության գործադիր տնօրենի տեղակալ Նյարաձայի Գումբոնզվանդայի և ՄԱԿ-ի կանանց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սանզ Լուկեի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են կանանց հիմնահարցերի և գենդերային հավասարության ապահովման ոլորտներում ՀՀ հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Քննարկումների ընթացքում շեշտվել է ջանքերի համատեղման շարունակականության անհրաժեշտությունը՝ ոլորտային առաջընթացի արձանագրման ուղղությամբ։  Դիտարկվել են նաև կանանց սոցիալ-տնտեսական հզորացման, կարողությունների զարգացման, դեպի բարձր զբաղունակության ոլորտներ մուտք գործելու նպատակային ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ խնամքի ծառայությունների ընդլայնման  նպատակային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ֆրանսիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Լիտվան, Ղազախստանը և Էստոնիան ներկայացնող տարբեր պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է ՀՀ կողմից ոլորտում իրականացված բարեփոխումներն ու նախատեսվող միջոցառումները՝ նշելով, որ պետության քաղաքականության առանցքում շարունակում են լինել գենդերային խտրականության հաղթահարմանը, սոցիալական և տնտեսական ոլորտներում գենդերազգայուն մոտեցումների խթանմանն ուղղված ծրագրերը։ Քննարկումների ընթացքում հայկական կողմին ներկայացվել է նաև տվյալ երկրների փորձը՝ գենդերային հավասարության ապահովման, ինչպես նաև կանանց ներուժի հավասարակշռված կիրառման ուղղություններով․ ընդգծվել է նաև համատեղ աշխատանքների անհրաժեշտությունը՝ ընտանեկան բռնության, կանանց և աղջիկների իրավազորման աշխատանքների ուղղությամբ: 

Էստոնիայի տնտեսական հարցերի և կապի նախարարի տեղակալ Ուլլա Սաարի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սոցիալական ոլորտի թվայնացման գործիքակազմերին, որոնք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներդրել է վերջին տարիներին` շեշտադրելով Ընտանեկան բռնության զոհերի հաշվառման հարթակի կարևորությունը։