Նախարար Արսեն Թորոսյանը հանդիպումներ է ունեցել Կատարի Պետության աշխատանքի նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրիի և Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Նուեյմիի հետ
նոյեմբերի 07, 2025
Դոհայում անցկացվող Սոցիալական զարգացման 2-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպումներ է ունեցել Կատարի Պետության աշխատանքի նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրիի և Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Նուեյմիի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ աշխատանքային միգրացիայի, մարդկային ներուժի զարգացման, ինչպես նաև ընտանիքների հզորացման ու երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Կողմերը կարևորել են աշխատանքային միգրացիայի գործընթացների արդյունավետ կառավարման և քաղաքացիների իրավական պաշտպանվածության բարձրացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետությունում ՀՀ քաղաքացիների զբաղվածության կարգավորման մասին» համաձայնագրի իրականացման ընթացքին և փաստաթղթով ստանձնած պարտավորությունների իրագործմանն ուղղված քայլերին։
Նախարար Թորոսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մանրամասնելով արտագնա աշխատանքի կանոնակարգման, աշխատողների իրավունքների պաշտպանության և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ աշխատանքը։ Նախարարն ընդգծել է, որ Կատարի Պետության հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները կարևոր հարթակ են համատեղ ծրագրերի իրականացման և երկկողմ կապերի ամրապնդման համար։
Բութհաինա Բինտ Ալի Ալ Ջաբր Ալ Նուայիմին և Ալի բին Սամիխ Ալ- Մարրին ողջունել են Հայաստանի կողմից ոլորտային կարևոր նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ։ Հանդիպումների ավարտին նախարար Արսեն Թորոսյանը գործընկերներին հրավիրել է այցելել Հայաստան՝ փորձի փոխանակման և նոր նախաձեռնությունների հնարավորությունները դիտարկելու նպատակով։