Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստին

ապրիլի 18, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստին։

Նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի շրջանակում, մասնավորապես՝ ներկայացրել է ընտանեկան բռնության ոլորտում պետության քաղաքականությունը, անդրադարձել այս ուղղությամբ իրականացված և նախատեսվող հիմնական բարեփոխումներին։

Խոսելով ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների մասին՝ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է աջակցության կենտրոնների և ապաստարանի ծառայությունների շրջանակում իրականացված աշխատանքները այս համատեքստում ընդգծվել է նաև գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը։

Նիստի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հավասար հնարավորությունների ապահովման, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, գենդերային հավասարության ապահովման և մի շարք այլ ոլորտներում պետության կողմից սահմանված գերակայություններին և այդ ուղղությամբ անելիքներին։