Հայաստանի Հանրապետության  զինանշան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Նորություններ

Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների փաթեթը

հոկտեմբերի 23, 2025

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների փաթեթը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ մշակված փաթեթը կարևոր քայլ է երեխայակենտրոն պետական համակարգի ձևավորման ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում երեխայի լավագույն շահն է։

Ըստ այդմ ՝

• ամրապնդվել է պետության դերը՝ որպես երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու,

• հստակեցվել է համայնքի դերը՝ ներդնելով մասնագիտացված սոցիալական աշխատողի ինստիտուտ,

• ձևավորվել է մոնիթորինգի և վերահսկողության նոր համակարգ՝ կանխարգելման և արագ արձագանքի համար,

• հստակեցվել են մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի լիազորությունները երեխայի պաշտպանության ոլորտում,

• սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և դրա կանխարգելման ու արձագանքման մեխանիզմները,

• ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի ձևը պարբերաբար վերանայվում է՝ հաշվի առնելով նրա կարծիքն ու շահերը,

• հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար,

• ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ՝ դեպքերի վարման, ծառայությունների պլանավորման և հաշվետվողականության ապահովման համար։

Փաթեթը հնարավորություն կտա ամրապնդել համայնքային և պետական համակարգերի համագործակցությունը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված միասնական մոտեցմամբ։