Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Ինչպե՞ս ենք կառուցում հոգածության միջավայրը Հայաստանում. կրթություն, արժանապատվություն, բարեկեցություն և ժողովրդավարության ապագան» թեմայով պանելային քննարկմանը
մարտի 18, 2026
Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է «Ինչպե՞ս ենք կառուցում հոգածության միջավայրը Հայաստանում. կրթություն, արժանապատվություն, բարեկեցություն և ժողովրդավարության ապագան» թեմայով պանելային քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Նախարար Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ ընդգծելով պետական կառավարման համակարգում նորարարությունների իրականացման կարևորությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Spark» համակարգին, որը նպաստում է պետական մարմինների ռազմավարական նպատակների արդյունավետ իրականացմանը, աշխատակիցների ներուժի բացահայտմանն ու մասնագիտական աճին։
Արսեն Թորոսյանը նշել է, որ ոլորտային քաղաքականությունների մշակման և իրականացման առանցքում շարունակում է լինել մարդակենտրոն մոտեցումը, ինչն արտացոլված է նաև ԱՍՀ նախարարության նոր տարբերանշանի գաղափարաբանության մեջ։ Այս համատեքստում նախարարը մանրամասնել է խոցելի խմբերին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը և աջակցող միջոցների տրամադրման գործընթացը, նաև ընդգծել երեխաների պարտադիր կրթության իրավունքի իրացման կարևորությունը։
Քննարկման ընթացքում նախարարը շեշտել է նաև Միասնական սոցիալական ծառայության արդիականացման, ծառայությունների հասանելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական կարիքներին օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը։