Նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Կառավարությունների դերը՝ աշխատաշուկայի կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների հավասարակշռման գործում երկարաժամկետ հեռանկարով» թեմայով նախարարական պանելային քննարկմանը
հունվարի 30, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Կառավարությունների դերը՝ աշխատաշուկայի կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների հավասարակշռման գործում երկարաժամկետ հեռանկարով» թեմայով նախարարական պանելային քննարկմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատաշուկայում առկա մարտահրավերների, երիտասարդների զբաղվածության ապահովման, աշխատուժի ավելցուկի և դրա պակասի կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր։
Իր խոսքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ աշխատանքի և զբաղվածության ոլորտում առկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին, և այս համատեքստում ընդգծել ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ․ և ՀՀ ժողովրդագրության 2024-2040 թթ․ ռազմավարությունների մշակման կարևորությունը։ Նախարարը նշել է, որ ոլորտային այս կարևոր փաստաթղթերը համահունչ են ՀՀ կառավարության տեսլականին, այն է՝ խթանել տնտեսական աճը, նպաստել սոցիալական ներառմանն ու աղքատության մակարդակի նվազեցմանը և այլն։
Աշխատանքի և զբաղվածության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման գործում Նարեկ Մկրտչյանը շեշտել է նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության դերը։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակը, որն ուղղված է պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածության ապահովմանն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործմանը։