Տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ԱՍՀՆ 2027-2029թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ
հունիսի 04, 2026
Սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում․ ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2027-2029թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, ծրագրային ուղղությունները, ֆինանսավորման շրջանակներն ու նոր նախաձեռնությունները։
Հանրային քննարկմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը, նախարարի տեղակալներ Արաիկ Եսայանը, Տաթևիկ Ստեփանյանը, Լուսինե Քոչարյանը, գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը, ՄՍԾ պետ Ագնեսա Աղաբաբյանը, պետի տեղակալներ Արամ Միրիջանյանը, Լիանա Թովմասյանը, Աննա Բեգլարյանը, գլխավոր քարտուղար Դավիթ Մելիքյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նորարարության և կայուն ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը, նախարարության աշխատակիցներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման, զբաղվածության խթանման, սոցիալական ծառայությունների հասանելիության ընդլայնման և խոցելի խմբերի աջակցությանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Նրանք անդրադարձել են նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներին, արդյունքահեն բյուջետավորման սկզբունքներին և պետական միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը։
Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, բնակապահովման պետական ծրագրերի, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և մարդկանց թրաֆիքինգի ոլորտների թվայնացման գործընթացին, որի արդյունքում ներդրվելու է քաղաքացիների համար հարմարավետ, ժամանակ ու ռեսուրսներ խնայող էլեկտրոնային ծառայությունների գործիքակազմ։
Միջնաժամկետ ծախսային ծրագրերի առաջնահերթությունների, ֆինանսավորման ուղղությունների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։
Հանրային քննարկումը կազմակերպվել էր ՄԱԶԾ նորարարության և կայուն ֆինանսավորման պորտֆելի աջակցությամբ․ գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի աշխատանքները դյուրինացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու գործընթացին: